Մեկնարկել է «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան» խորագրով կլոր սեղան-քննարկումը
2 ր. | 2026-09-02Սեպտեմբերի 2-ին Երևանում մեկնարկել է «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով կլոր սեղան-քննարկումը։ Քննարկմանը մասնակցում են պետական կառավարման մարմինների, փորձագիտական համայնքի, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից (ՌԴ, Հնդկաստան, Ղազախստան)։
Միջոցառումը կազմակերպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի «Օրբելի» վերլուծական կենտրոնը՝ Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ։
Քննարկման առանցքում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի թվային բաղադրիչի ձևավորման գործում ՀՀ զարգացող ՏՏ ոլորտի դերը, սահմանների կառավարման, ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգ կապակցվածության ապահովման գործում թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության նոր հնարավորությունները։
Միջոցառումը մեկնարկել է Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանի ողջույնի խոսքով, ապա նաև` «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանի բացման խոսքով։ Որպես գլխավոր բանախոսներ ելույթներով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը։
Միջոցառման սկզբում ներկայացվել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի պաշտոնական կայքը, որը նախագծել և գործարկել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։ Նշվել է, որ crossroadsofpeace.am նորաբաց կայքում արդեն իսկ հրապարակված են մի շարք թեմատիկ հոդվածներ, հարցազրույցներ և ինֆոգրաֆիկաներ։